Posted in Գրականություն

Ակսել Բակունց/Մթնաձոր, Միրհավ, Խոնարհ աղջիկը, Ալպիական մանուշակ

Գրական անունը

Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվել է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել՝ հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրն այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կեսճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բյոռնստեռնե Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը, և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։

Մթնաձոր

Պատմվածքն առաջին անգամ հրատարակվել է «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, 1926 թվականի նոյեմբերի 21-ին, ապա 1927 թվականին հեղինակային որոշ փոփոխությամբ այն տեղ է գտել «Մթնաձոր» ժողովածուի մեջ։

1927 թվականից հետո` Բակունցի կենդանության օրոք, պատմվածքը կրճատումներով տպագրվել է դպրոցական դասագրքերում, մասնավորապես, 1933 թվականին այն տեղ է գտել 4-րդ դասարանի դասագրքում, իսկ 1936 թվականին «Որսորդ Ավին» վերնագրով՝ 7-րդ դասարանի դասագրքում։

Ակսել Բակունցի մահից հետո պատմվածքն ամբողջությամբ, ըստ «Մթնաձոր» ժողովածուի բնագրի, տպագրվել է 1955 թվականի Երկերի երևանյան միհատորյակում, 1956 թվականին՝ Բեյրութի «Ամբողջական գործը» ժողովածուի 2-րդ հատորում, 1964 թվականին՝ Երկերի առաջին հատորում, 1969 թվականին` «Ալպիական մանուշակը» ժողովածուի մեջ։

1956 թվականից սկսած` պատմվածքը կրճատումներով անընդհատ տպագրվում է հանրակրթական դպրոցի դասագրքերում։

Միրհավ

Կյանքն իմաստավորող անանց գեղեցկության, ապրեցնող կարոտի մի նուրբ ու հուզիչ պատկեր է այս պատմվածքը։ Բակունցի ոճին շատ բնութագրական է վերհուշային պատումը, որը խոսքին հաղորդում է անմիջականություն, անկեղծություն, բնականություն, հուզականություն։ Վերհուշը, որն առկա է նաև «Խոնարհ աղջիկը» պատմվածքում, «Միրհավում» ևս շատ նպատակային կիրառություն ունի։ Ապրած կյանքի մի պահը, սիրո անկրկնելի մի բռնկումը իմաստավորել է Դիլանի ամբողջ կյանքը, հիմա, աշնան հաճելիորեն ջերմացնող արևի տակ, ծեր Դիլանի վերհուշը կարծես արթմնի երազ լինի, որը հոգու գաղտնիքների խոստովանություն է կյանքին հրաժեշտ տալուց առաջ։ Սա Բակունցի այն եզակի պատմվածքներից է, որի մեջ գեղեցկության հայտնագործությունը կատարվում է մթնաձորյան աշխարհում, այդ գեղեցկությունը դրսից եկած մարդու նկատածը չէ։

Աշնան վերջին օրերին Դիլան դային սովորության համաձայն գնում է այգի՝ դուռ ու ցանկապատ ամրացնելու։ Աշնան արևի տակ նստած՝ Դիլան դային հիշում է իր երիտասարդ տարիները, առաջին սերը՝ Սոնային, որ թռավ միրհավի պես, «հետքից թողեց տխրություն և դառնաթախիծ հուշեր»։ Դարձյալ գրեթե բառեր չկան պատկերվող սիրո համար։ Կա միայն հաճելիորեն ջերմացնող տաք լռություն, որը, սակայն, հասկանալի լռություն է, քանի որ ինչպես Դիլանը, այնպես էլ Սոնան Մթնաձորի մարդիկ են` լռության օրենքով դաստիարակված, և անխոս հասկանում են իրար։

Խոնարհ աղջիկը

Նրբին գեղեցկություններից է հյուսված Բակունցի «Խոնարհ աղջիկը»։ Հերոսը ուսուցիչ է, սովորական գյուղական ուսուցիչ, որին ուղարկել են հեռավոր խուլ գյուղ, որտեղ կորցրել է անգամ ժամանակի զգացողությունը, բայց մրոտ ու հինավուրց գեղջկական այն տունը, որ նա ապրում էր, մի հրապուրիչ աշխարհ է։ Խավար ու հետամնաց այդ գյուղում կար թաքնված մի գեղեցկություն։ Հարցն այս դեպքում ոչ այնքան Խոնարհի գեղեցկությանն է վերաբերում կամ նրա հանդեպ ուսուցչի տածած սիրո զգացողությանը, որքան ուսուցչի հուշերի մեջ վերակենդանացող անցյալին ու մտովի վերապրվող կարոտին։ Դա ո՛չ լուրջ սեր է եղել, ոչ էլ` անլուրջ խաղ, այլ լուռ համակրանք, գեղեցիկը տեսնելու, իր շուրջ, իր էության մեջ ունենալու պահանջ։ Խոնարհի մասին խոսելիս ուսուցիչն ավելի շատ գեղեցիկն ընկալելու, գեղեցիկով ներշնչվելու իր ապրումներն է բացահայտում։ Խոնարհը, ի վերջո, ինքնին ոչ թե սիրո առարկա է, այլ առիթ, որն իր ներկայությամբ դարձյալ ոչ թե սիրային, այլ հոգեկան մտերմության զգացողություն է արթնացնում ուսուցչի մեջ։ Բայց դա նաեւ այն զգացողությունն է, որը կարող էր վերածվել և բռնկուն սիրո, և կորչել չասված բառերի մեջ, այսինքն՝ գյուղի բարոյական օրենքների սահմաններում ամոթից չասվել ու չբացահայտվել։ Միայն հայացքների մի քանի հանդիպումներն են, որ ուսուցչի համար ստեղծում են հոգեկան մտերմության մթնոլորտ։

Բակունցը բացահայտում է մթնաձորյան կյանքի մեկ ուրիշ բովանդակություն։ Վայրի ու հնադավան այդ աշխարհում կատարվում են հոգեկան այնպիսի ողբերգություններ, որոնք առաջանում են բնության ու կենցաղի պարտադրած հավիտենական ներփակվածությունից ու լռությունից։ Թեև ուսուցչի էության մեջ է բռնկվում սերը, բայց սիրո ապրումը Խոնարհի հոգում է, որը, սակայն, երբեք չի բացում իր ներաշխարհը, չի ասում ոչ մի խոսք, այլ միայն նայում է ուսուցչի ետեւից, և ով գիտե, գուցե հոգու մեջ լաց է լինում։ Չկայացած տխուր սիրո պատմություն է այս ամենը, չկայացած մարդկային մտերմության անամոք մի ցավ։ Նրանց բառերն են պակասում, որ ստեղծեն հոգևոր կապ, սակայն բառեր չկան, կա միայն պահի վերապրումը։ Գրողը, հավատարիմ իր նախասիրությանը՝ բնորոշը պահպանելու կողմնորոշմանը, ցույց է տալիս նաեւ Խոնարհի գեղեցկության ու մարդկային երջանկության խորտակումը։ Խոնարհի ճակատագրի վերջին դրվագը այն հատկանշական շարունակությունն է, որ սպասվում էր նրան։

Ալպիական մանուշակ

Գյուղ են գալիս հնագետը, նկարիչը և նրանց հետ է նաև ուղեկցորդը։ Նրանք էլ հենց պատմվածքի հերոսներն են։ «Ալպիական մանուշակում» պատկերվում է իրականության և արվեստագետների հանդիպումը։ Նկարիչը զգայուն խառնվածքով մարդ է։ Նա Կաքավաբերդ է եկել որպեսզի նկարի բնության գեղեցկությունը։ Նրա մեջ արթնանում են գեղեցիկ հուշեր` որպես մեկ այլ կնոջ լրացում։ Նկարիչը կնոջ այդ գեղեցկության մեջ չի նկատում, որ նա հոգսեր ունի, ընկճված է։ Կաքավաբերդից նկարիչը տանում է իր հետ գեղեցիկ տպավորություն ու մի նոր կտավ։ Իր հոգեբանությամբ և մոտեցումով նա հարազատ է պատմվածքի սկզբին և վերջնամասի ռեֆրեններով խորհրդամշվող գեղեցիկի այն ընկալմանը, ըստ որի` «բուրմունքից արբեցած բզեզին» մանուշակը ճոճք էր թվում էր, աշխարհը` ծիրանագույն բուրաստան։

«Բուրմունքից արբեցած բզեզի» մյուս տարբերակը հնագետն է։ Եթե նկարչի համար անցյալը առնչվում է այսօրին, ապա հնագետի համար գոյություն ունի միայն անցյալի գեղեցիկը։ Սա ևս փնտրում է գեղեցիկը, սակայն անցած գնացած գեղեցիկը։ Նա կոխոտում է նուրբ ու քնքուշ ալպիական մանուշակները՝ չտեսնելով նրանց քնքշությունը։ Հնագետը չոր, միայն իր մասնագիտությամբ հետաքրքրվող մարդ է։ Նկարիչը և հնագետը պատմվածքում կերպարներ են փոխաբերական իմաստով։ Ակսել Բակունցը նկարչի և հնագետի կերպարներով ցանկացել է բնութագրել այն արվեստագետներին, որոնք աշխարհին նայում են բզեզի աչքերով։ Չեն տեսնում իրականությունը։ Նրանք եկան, տեսան միայն հաճելին, կյանքի մի եզրը և գնացին, իսկ մյուս եզրը կյանքի բուն խորքը վրիպեց նրանց ուշադրությունից։ Կյանքն ու գրականությունը նման արվեստագետների համար ժամանց է միայն, անկիրք հիացմունքի ու արբեցման առարկա։

Leave a comment