Posted in Գրականություն

Դանիել Վարուժան

Վարուժանի գրական նախափորձերը վերաբերում են Քաղկեդոնի գիշերօթիկում ուսանելու տարիներին։ Առաջին ոտանավորները հրապարակվել են աշակերտական «Արձագանք մոտայի» (1901) ձեռագիր թերթում։ 1902 թ. բանաստեղծը պատրաստել է իր առաջին ժողովածուն՝ «Ծաղկեփունջ կամ բրգնիքցիի մը նվագները», որը մնացել է անտիպ։ Առաջին տպագիր գործերն են «Բանաստեղծ նահապետին շիրիմին առջև» բանաստեղծությունը և «Եիկիտ Տոնել» դյուցազնավեպը («Բազմավեպ», 1904)։ 1904 թ. կազմել է իր երկրորդ ժողովածուն՝ «Փուշի ակոսներ» (սկզբնապես՝ «Մրկահույզ կայծոռիկներ») խորագրով, որը նույնպես չի տպագրվել։

«Սարսուռներ»

1905 թ. տպագրության է ներկայացրել մի նոր ժողովածու՝ «Սարսուռներ», որտեղ առաջին անգամ ստորագրել է՝ Դանիել Վարուժան։ Սակայն Մխիթարյան հայրերը հարմար չեն գտել ամբողջապես հրատարակել այն։ Բանաստեղծությունների մի մասը նույն թվականին լույս է տեսել «Գեղունի» և «Բազմավեպ» հանդեսներում (1905)։ «Գեղունի»-ում տպագրվածները 1906 թ. հրատարակվել են Վենետիկում «Սարսուռներ» խորագրով։ Ժողովածուն Սիամանթոյի բանաստեղծական շարքերից հետո բերում է նոր գաղափարներ ու նոր ոճ. բնության, սիրո, անորոշ երազանքի տարածված մոտիվների փոխարեն ներշնչանքի աղբյուր է դառնում իրական կյանքը՝ մարդկային ճակատագրերով («Հիվանդ է»)։

Բանաստեղծը խորհում է ժողովրդի և անհատի, արվեստի և իրականության, բանաստեղծի և աշխարհի բարդ ու բազմազան կապերի մասին («Մուսային», «Ավազանին ձուկերուն», «Երազ և խոհ»)՝ արծարծելով մարդու տառապանքների հանդեպ բարության, անձնազոհության, հումանիզմի դեռես աղոտ գաղափարներ։ «Սարսուռներ»-ը որոշ իմաստով գեղարվեստական ծրագիր է, որտեղ նշմարվում են Վարուժանի ապագա ստեղծագործության գրեթե բոլոր հիմնական հատկանիշները։ Բանաստեղծը աշխարհը տեսնում է ռոմանտիկական սուր բևեռացումների մեջ, մտածում վառ արտահայտված պատկերների լեզվով, հոգեբանական ու առարկայական տեսարանները ներկայացնում հատու և խոշոր գծերով։ Շարունակում է ձևավորվել բանաստեղծական աշխարհայեցողության այն կերպը, որով բնութագրվում է մի ամբողջ գրական ուղղություն՝ հայկական նեոռոմանտիզմը, որն իր ամենացայտուն արտահայտությունը պիտի գտներ Վարուժանի ստեղծագործության մեջ։

«Ցեղին սիրտը»

Վարուժանի երկրորդ գիրքը՝ «Ցեղին սիրտը» (1909), նշանավորում է արևմտահայ բանաստեղծական մտքի զարգացման մի նոր աստիճան։ Ռեակցիայի ծանր տարիները մնացել էին ետևում։ 1908 թ. երիտթուրքական հեղափոխությունը ժամանակավոր հնարավորություն էր ստեղծել համախմբելու ցրված գրական ուժերը։ Գրական անհատը ներաշխարհի անձուկ ոլորտից դուրս էր գալիս կենսական լուրջ հարցադրումների ասպարեզ։ Վարուժանը դառնում է գրական նոր շարժման կենտրոնական դեմքը։ Ժողովածուի լայնահուն պոեզիան հնչեցնում է ազգային ու համամարդկային ցավի, վրեժի ու պայքարի երգը («Ձոն», «Նեմեսիս»)։ Քաղաքական ու սոցիալական ճնշման «Բագինին վրա» բարոյապես ու ֆիզիկապես ողջակիզվում է ոչ միայն հայը, այլև մարդն առհասարակ («Հայրենիքի ոգին», «Թիապարտները», «Վաղվան բողբոջներ», «Լվացարարուհին», «Ջարդը»)։ Վրեժի ու պայքարի «Կրկեսին մեջ» հերոսանում է ոչ միայն դարերով հալածված մի փոքրիկ ազգ, այլն իր վաղվա օրը կերտող մի ամբողջ մարդկություն («Վերածնություն», «Կռվի երթ», «Վահագն», «Դյուցազնի մը սուրին»)։

Ազգային-ազատագրության հույսերի արթնացման նոր ալիքը քաղաքական ու սոցիալական սուր շեշտվածություն է հաղորդում Վարուժանի բանաստեղծությանը։ «Ցեղին սիրտը» ժողովածուի մեջ նոր ձևով ու բովանդակությամբ շարունակվում են Խ․ Աբովյանի, Ղ. Ալիշանի, Մ․. Պեշիկթաշլյանի, Րաֆֆու ռոմանտիկական ավանդույթները։ Հայրենասիրությունը միայն զգացմունք չէ, այլև գաղափար, աշխարհայացք, գեղարվեստական մթնոլորտի կազմակերպման եղանակ, պոետիկական համակարգը ձնավորող սկզբունք։ Վարուժանը խորապես յուրացրել էր համաշխարհային հին ու նոր մշակույթի փորձը, երազում էր ստեղծել «մարդ էակին գիրքը»՝ իրար ձուլելով արևմտյան մտքի խստությունն ու արևելյան երևակայության կանոնազանց ազատությունը, վենետիկյան գույներն ու ֆլանդրիական «բարբարոս իրապաշտությունը»։ Սակայն ժողովրդի քաղաքական ճակատագրի անհրաժեշտությամբ գեղարվեստական խոսքը պետք է դառնար պայքարի զենք, հագենար հրապարակախոսական տարերքով։ Այս հարկադրական ինքնօտարումը վերաճում է ստեղծագործող անհատի ներքին դրամայի («Տրտունջք»), որով բնութագրվում է ժամանակի արևմտահայ բանաստեղծությունն առհասարակ։ «Ցեղին սիրտը» հարազատ ժողովրդի «ծովածուփ արյան» և ճնշված մարդկության դարավոր տառապանքի աղաղակն է։

«Հեթանոս երգեր»

Վարուժանի յուրաքանչյուր նոր ժողովածու բաց է անում արվեստի նոր ուղղություն, բերում է նոր բովանդակություն ու ոճ, հաստատում գեղարվեստական ձևի նոր սկզբունքներ՝ դասականորեն ներկայացնելով գրական շարժման տվյալ պահի համար բնորոշ միտումները։

«Հեթանոս երգեր»-ը (1912) 1910-ական թթ․ ծայր առած «հեթանոսական» շարժման ամենաամբողջական արտահայտությունն է։ Այս հոսանքի էությունն ազատության, ուժի, գեղեցկության պաշտամունքն էր՝ ի հակադրություն տիրող սոցիալական ու բարոյական անկման, բարքերի ապականության, մարդու բնական նկարագրի աղավաղման։ Գրքի երկու բաժիններում («Հեթանոս երգեր» և «Գողգոթայի ծաղիկներ») Վարուժանը պատկերում է իրարից տարբեր և իրար հակադրվող երկու աշխարհ։ «Ասպետական դարերու, «մեծազոր կենցաղի» փառաբանությունը չէր նշանակում անցյալի իդեալականացում կամ պատմության վաղնջական ժամանակները վերադառնալու կոչ․ դա միայն գեղարվեստական պայմանականություն էր, որով բանաստեղծը մարմին էր տալիս ուժեղ, առնական, կատարյալ մարդու, ազատ, ներդաշնակ ու գեղեցիկ աշխարհի մասին իր իդեալներին («Գեղեցկության արձանին», «Վանատուր», «Հեթանոսական», «Օ՛ Տալիթա», «Արևելյան բաղնիք», «Մեռած աստվածներուն», «Հարճը»)։ Արվեստի հրաշքով նա փորձում է վերագտնել մարդկության կորցրած արժեքները («Բեգաս», «Լույսը»)։

Իդեալի այսպիսի բարձրությունից բուրժուական աշխարհը ներկայացվում է որպես մարդկային չարչարանքի գողգոթա։ Գործարաններում, հանքերում, աշխատանքի բորսաներում եռում է մարդկանց բազմամիլիոն բանակը, ապրելը վերածվում է գոյության ծանր հարկադրանքի։ Մարդն օտարվում է իր նախաստեղծ էությունից, «ոսկի հորթի» պաշտամունքը, կեղծիքը, սուտը եղծում են գեղեցկի մաքուր իդեալը՝ ապրելու երջանկությունը դարձնելով գոյության դրամա («Բանվորուհին», «Սպասում», «Ընկեցիկը», «Մեռնող բանվոր», «Մեքենաները», «Դադար», «Մայիս մեկ»)։

«Հեթանոս երգեր»-ի գեղագիտական համակարգի հիմքը վսեմի կատեգորիան է՝ հերոսականի, ուժի, գեղեցկի կոնկրետ դրսևորումներով։ Եթե կլասիցիստներն անտիկ ժամանակներում փնտրում էին քաղաքացիական արիության ու առաքինության օրինակներ, իսկ Լըկոնտ դը Լիլը՝ սոցիալական ներդաշնակության իդեալ, ապա Վարուժանի ստեղծագործության մեջ հեթանոսական կենցաղի դրվագները վերանում են իրենց պատմական ժամանակից, այդ յուրօրինակ գեղարվեստական իրականության մեջ անունն ու տարազը փոխած ապրում է ժամանակակից մարդը։

«Գողգոթայի ծաղիկներ» շարքը ընդհանրության որոշ եզրեր ունի Էմիլ Վերհառնի ստեղծագործության հետ։ Էական տարբերությունն այն է, որ եթե Վերհառնը համանման բանաստեղծություններում հետևում էր որոշակի սոցիալական ուտոպիայի, ապա Վարուժանի ակնկալած վերածնությունը չէր ենթադրում որևէ հայտնի սկզբունքով կազմակերպված սոցիալական իրականություն, հակառակ ակնհայտ դեմոկրատական կողմնորոշմանը՝ հայ բանաստեղծի իդեալը կապվում էր գեղեցկի, ներդաշնակի, բնականի թագավորության որքան հրապուրիչ, նույնքան էլ անիրական մի աշխարհի հետ։

«Հացին երգը»

Երեք ժողովածուները լույս ընծայելուց հետո Վարուժանը պատրաստվում է հրատարակել «Հացին երգը» բանաստեղծական շարքը, որի վրա սկսել էր աշխատել դեռևս 1909-1910 թվականներից («Հացին երգը» գարնան դեմ պիտի սկսիմ»)։

«Հացին երգը» Վարուժանի ստեղծագործության մեջ որքան շարունակություն, նույնքան էլ սկիզբ էր․ բանաստեղծը ձգտում էր «Ցեղին սիրտը» և «Հեթանոս երգեր» շարքերի դասական արվեստի չափանիշները ձուլել ժողովրդական մտածողության տարերքին («Առաջին ծիլեր», «Ցորյանի ծովեր», «Հասուն արտ», «Հունձք կը ժողվեմ․․․», «Կամներգ», «Երնում»)։ Այս տեսակետից Վարուժանի վերջին գիրքը եզակի երևույթ է արևմտահայ բանաստեղծության մեջ։

Վարուժանը ծրագրել էր նաև գրել «Գինիին երգը» և մշակել ամբողջ «Սասնա ծռեր» էպոսը, բայց ողբերգական մահն անկատար թողեց այս ծրագրերը։