Posted in Նախագծեր, Գրականություն

Վահան Տերյան /կենսագրություն, խորհրդապաշտություն,գազել, սոնետ,տրիոլետ,բանաստեղծություններ,հոդվածներ,նամակներ, ձայնագրություն/

Կենսագրություն

Վահան Տերյանը / Տեր-Գրիգորյան/ ծնվել է 1885թ․-ի փետրվարի 1-ին Ջավախքի Գանձա գյուղում։ Ունեցել է 4 եղբայր և 4 քույր։ Հայրը՝ տեր Սուքիասը, ուսումնատենչ մարդ էր։ Նա գյուղի քահանան էր։ Նախնական կրթությունը հայրենիքում ստանալուց հետո՝ 1897թ-ից 2տարի սովորել է տեղի պետական գիմնազիայում։1899-ից սովորել է Լազարյան ճեմարանում /7տարի/։ 1908-ին լույս տեսավ Մթնշաղի անուրջներ ժողովածուն։1912-ին Բանաստեղծություններ վերնագրով 2-րդ ժողովածուն։ 1966թ․ ուսումը շարունակել է Մոսկվայի համալսարանի պատմաիրավաբանական բաժնում։ 1910-1912թթ․ լույս է ընծայում Գարուն ալմախանը։ 1912-ին հիմնադրում է Պանթեոն հրատարակչությունը։ 1915-1916թթ-ին մասնակցում է Հայաստանի պոեզիա և Հայ գրականություն գրքերի ստեղծմանը։ Կատարել է հայերենից ռուսերեն թարգմանություններ։ 1913-ից 17տարի ապրում և ստեղծագործում է Սանկտ-Պետերբուրգում։ 1917-ին գրում է Թուրքահայաստանի մասին օրինագիծը և 1918-ին մասնակցում է Բրեստ-Լիտովսկու հաշտության բանակցություններին։ 1919-ին մեկնում է Միջին Ասիա։ Հիվանդ էր թոքախտով, որը ճանապարհին խորանում է և 1920թ․-ի հունվարի 7-ին մահանում է Օրենբուրգում։

Խորհրդապաշտություն(սիմվոլիզմ)

Առաջացել է ֆրանսիայում, այնուհետև տարածվել է ռուս և եվրոպական գրականության մեջ։ Բնորոշ է Լ․Շանթին, Մ․Մեծարենցին, Վ․Տերյանին և այլն։ Ստեղծագործության մեջ կային որոշակի խորհրդանիշներ, օրինակ Տերյանի մոտ՝ աշուն, անձրև և այլն։ Կյանքը Կյանքը պատկերվում էր երկպլան կառուցվածքով՝ գորշ իրականություն և դրանից վեր՝ երազի ու ցնորքի մի աշխարհ, ուր հոգին կարող է ապրել անուրջներով։

Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
Ճառադայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի…
Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։
Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես…
Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
Գիշերային արեգակի ճառագայթ,—
Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,
Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ…

Գազելը բանաստեղծության արևելյան ձև է, ունի որոշակի կառուցվածք։ Գազելը գրվում է երկտող տներով, առաջին տան երկու տողերի մեջ կրկնվող երկրորդ կիսատողը նույնությամբ կրկնվում է հաջորդ տների երկրորդ տողերում։
«Հրաժեշտի գազել»-ի մեջ այդ կիսատողն է՝ «ասում եմ ես մնաս բարով»։
Կրկնվող կիսատողը խտացնում է բանաստեղծության ամբողջ իմաստը և հաջորդաբար խորացնում է հրաժեշտի տրամադրությունը։

Սոնետը (հնչյակ) բաղկացած է 14 տողիցերկու քառատող և երկու եռատող տներից կամ երեք քառատող և մեկ երկտող տներից։ Ունի քնարական, խոհական, սիրային բովանդակություն։ Գրել են Դանտեն, Պետրարկան, Շեքսպիրը և համաշխարհային մեծության այլ բանաստեղծներ։ Տերյանից բացի, սոնետներ գրել են Միսաք Մեծարենցը, Վահան Թեքեյանը (արժանացել է «Սոնետի իշխան» տիտղոսի), Եղիշե Չարենցը և ուրիշներ։ Կա նաև սոնետների պսակ, ընդգրկում է 15 սոնետ. յուրաքանչյուր սոնետի վերջին տողը նույնությամբ կրկնվում է որպես հաջորդ սոնետի առաջին տող։ 15-րդ սոնետն ստեղծվում է նախորդ 14 սոնետների առաջին տողերից

Կյանքին միշտ օտար, մահից վախեցող —
Ես շրջում էի այս գունատ երկրում,
Ուր չկար ցավի երջանկության ցող
Եվ ոչ չըմեռնող բախտի դառը թույն։
Նա իր կարոտով ու իր ցանկությամբ
Վառվեց իմ ամուլ գոյության վերա —
Քնքուշ, հեռավոր մի հրեղեն ամպ՝
Ես նորան տեսա ու բախտից մեռա…
Նա իր բոցերով այրեց ու գընաց.
Նա բերեց հոգուս մահու քաղցր կյանք,
Ուր հեզ վառվում է հավիտյան անլաց
Անմեռ տրտմության մի պայծառ տանջանք,—
Մի պաղ քարացում աղոթքի կանգնած,
Մի վայելք֊հուշի չըմեռնող արբանք…

Տրիոլետը դարձյալ քնարական, խոհական, սիրային բովանդակություն ունեցող բանաստեղծություն է։ Կազմված է 8 տողից. 1-ին տողը կրկնվում է 4-րդ և 7-րդ տողերում, իսկ 2-րդ տողը 8-րդ տողում։ Գրել են Տերյանը, Չարենցը և ուրիշներ։

Տերյանի տրիոլետները՝

ՄԻ՞ԹԵ ՎԵՐՋԻՆ ՊՈԵՏՆ ԵՄ ԵՍ
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։
     
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։
     
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։
     
Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

Վերլուծություն

Տերյանի վկայությամբ՝ «Մի՞թե վերջին պոետն եմ ես, վերջին երգիչն իմ երկրի» հարցը անդրադարձնում է հայրենիքի հոգևոր ապագայի ողբերգական անորոշությունը, հայրենիքի հոգևոր մահվան ավելի քան որոշակի տագնապները և իր խոսքերով՝ իր մեջ այսպես ձևավորված «Արդյոք սա մի կուլտուրական պատմաշրջանի՞ վերջն է, թե՞ մի ամբողջ կուլտուրայի» հարցն է…Եղեռնից սկսած՝ հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջման, ֆիզիկական մահվան ուրվականը սահմռկեցուցիչ իրական, հստակ կերպարանք է առնում: Այլևս պարզ էր, որ աշխարհի «քաղաքակիրթ-քրիստոնյա» հանրության տերերը կայացրել են հայ ժողովրդի բնաջնջման-խաչելության վճիռը… Այլևս «Մահն է արդյոք, թե նի՞նջը քեզ պատել, պայծառ Նաիրի» հարցն ուղղակի իմաստով է հնչում, և դրամատիկ մենախոսություն-երկխոսությունն այլևս ողբախառն աղոթք է։Բայց ինչու՞ է այդքան ցավատանջ և սարսափելի «Մի՞թե վերջին պոետն եմ ես, Վերջին երգիչն իմ երկրի» հարցը: Պոետ, երգիչ՝ բանաստեղծ, այսինքն՝ խոսքի արարիչ: «Խոսքը կենդանի շունչ է համարվում,– գրել է Տերյանը,– ոգի, զորություն կախարդական»: Նաիրյան բանաստեղծը, ըստ Տերյանի, փաստորեն ոչ այլ ինչ է, եթե ոչ Նաիրիի շունչն ու ոգին խոսքի վերածողը: Հետևաբար վերջին պոետ-երգիչ կնշանակի պայծառ, լուսեղ Նաիրիի չգոյություն…

մակդիր -արքայական լեզու, բոցե վարդ, ցնորք Նաիրի

փոխաբերություն– և խոցում է, և այրում, մահն է արդյոք, թե նինջը քեզ պատել պայծառ Նաիրի

համեմատություն– և հնչում է, որպես աղոթք

Իմ խաղաղ երեկոն է հիմա


Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…

Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…

Վերլուծություն

Այս բանաստեղծությունը իմ կարծիքով Տերյանի առաջին սիրո մասին է։ Ըստ իս Տերյանը պատմում էր իր առաջին խոր զգացմունքի մասին ու բանաստեղծությունում արտահայտում իր ողջ սերն ու զարմանքը։ Ինձ համար այս բանաստեղծությունը ասես լույսի մի նշույլ լինի` խավարի մեջ։ Այն խավարի, որ պատել էր բանաստեղծի հոգին։

մակդիր– անհաստատ օր, մոլոր օր, սև օր, սուտ կյանք, դառը մահ

փոխաբերություն-սիրտս չի մոռանա, կմեռնեն երազները բոլոր, անունըդ թող փարոս լինի ինձ


ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

Վերլուծություն

Այս բանաստեղծությամբ բացվում է Տերյանի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն։ Նշանակում է՝ հեղինակը մեծ կարևորություն է տվել դրան։

Տխրությունը Տերյանի ամբողջ ժողովածուի համար դառնում է գերիշխող հոգեվիճակ, դառնում գեղագիտական արժեք` բնորոշ հատկապես վեհ ու տառապող հոգիներին։ Այդ գլխավոր հոգեվիճակն աստիճանաբար սաստկանում է տխրությունը խորհրդանշող առանձին պատկերներով` աշուն, անձրև, թափվող տերևներ, միայնություն, անհուսություն, օտարվածություն, սիրո անհասանելիություն, տևական սպասում։ Տխրությունն ինքնին հանդես է գալիս տարբեր նրբերանգներով` ցավ, տառապանք, տագնապ, թախիծ, արցունք…Լուսավոր և վեհ է Տերյանի թախիծը, որովհետև նրան առաջնորդում է երջանիկ կյանքի ու բարձր սիրո երազանքը։«Տխրություն» բանաստեղծության մեջ Տերյանի պատրանքը մարմավորող գեղեցկուհին է, ով ստվերի նման անցնում է «սահուն քայլերով» և իրիկնաժամի ամայության մեջ թողնում իր մեղմ շշունջը։ Նրա շշունջը փոխանցվում է բնությանը` դաշտերին ու ծաղիկներին, որոնք էլ իրենց հերթին նրա սիրտը լցնում են այդ սուրբ շշունջով։ Կինը որպես գեղեցկության մարմավորում ձուլվում է բնությանը, իսկ բնությունն այդ գեղեցկությամբ պարուրում է բանաստեղծի հոգին։

մակդիր-անուրջ կույս,սուրբ շշուկ, նիրհող դաշտ,

փոխաբերություն-ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով, այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին

համեմատություն- որպես քնքուշ մութի թև, հովի պես թեթև

Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,

Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին:

Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն։

Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե՛ս –
Անհետ կորել, անցել է – չար մշուշի պես։

Ասորիքն է եղել մեր թշնամին – ահա՛
Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա։

Ամրակուռ է մեր հոգին – դարերի զավակ՝
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ։

Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք,-
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք։

Գերված ենք մենք – ո՛չ ստրուկ – գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ։

Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ։

Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
Տաճար է մեր երկիրը՝ սուրբ է ամեն քար։

Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,
Արևի պես, երկի՛ր իմ, կըվառվես վառման։

Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր։

Արիացի՛ր, սի՛րտ իմ, ե՛լ հավատով տոկուն,
Կանգնի՛ր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն

մակդիր– պայծառ լեռ, չար մշուշ

Հոդվածներ

Հայ գրականության գալիք օրը

Հետաքրքիր և իմաստալից հոդված էր: Կարծում եմ, որ ճիշտ ասված խոսքեր կան հոդվածում:Մեր երկրի մշակութային զարգանում է շատ դանդաղ տեմպերով: Տերյանը այս հոդվածում նշում է դրանց պատճառները: Երբ մենք կարդում ենք այս հոդվածը հասկանում ենք, թե որքան արդիական է դա: Այս հոդվածում Տերյանը քննադատում է իր ժամանակակիցների սահմանափակ մտածողությունը: Սահմանափակ մտածողություն գոյություն ունի նաև մեր օրերում, ամեն ինչ շատ նման է միայն մեկ բացառությամբ: Առաջին դեպքում մարդիկ տեղյակ չէին այլ մտածողությունների մասին, սակայն կային մարդիկ ինչպես Տերյանը, որոնք կա’մ սովորել էին արտասահմանում, կա’մ ծանոթ էին արտասահմանյան գրականությունը հասկանում էին իրենց հասարակարգի մտածողության նեխած լինելը:  Այսօր հնարավորությունները ավելի մեծ են, մարդիկ հանգիստ կարող են ուսումնասիրել այն, ինչ ցանկանում են, իսկ այն ժամանակ նման հնարավորություն ունեին մեծահարուստները, արտասահմանում սովորողները: Հոդվածում ասվում է, որ մարդիկ մտածում են ապագայի մասին, բայց այդպես չպետք է լինի: Միանշանակ ճիշտ է, քանի որ այսօրվա օրը չկերտած, մարդիկ մտածում են ապագայի մասին: Կարծում եմ, եթե ներկայի մասին հոգաս, ապագան ինքն իրեն կկարգավորվի:Նա չի կարողանում պատկերացնել ծխական մտավորականի աշխարհայացքը առանց ծխական ու թեմական դպրոցի:

Տերյանը նաև գրել է, որ հանրային կյանքը զարգացնում է կրիայի քայլերով և դուրս չի գալիս հին կեղևից:

Վահան Տերյանը նաև մեզ համեմատում է Եվրոպայի հետ: Ասում է, որ Եվրոպայում առաջինը մարդն է, հետո հագուստը, իսկ մեր մոտ՝ առաջինը հագուստն է, կամ ընդհանրապես միայն հագուստը:

ԵՎ Տերյանը ասել է, որ միայն իսկական մտավորականությունը կարող է ստեղծել կուլտուրա:

<<Ծխական մտավորականի քաղաքացիական աշխարհայացքը ծխական գործերից այն կողմ չի անցնում,  նրա քաղաքական ասպարեզը ծխական դպրոցն ու եկեղեցին էնրա հոգեկան աշխարհն ամփոփված է այդ կեղեւի մեջՆրաազգային կոչված իդեալներն այդ ծխական ու թեմական դպրոցի ու եկեղեցու հետ են կապվածդրանից դուրս նա չի կարողանում ուրիշ գոյություն ու կյանք պատկերացնել հայ մարդու համար>>: Սա մասամբ գոյություն ունի նաև այսօր, դպրոցի ուսուցիչների մեծ մասը պարփակված է իր աշխատանքի հետ և ուրիշ բանի մասին չի մտածում:

Մի երիտասարդ հայ հրապարակախոս ասել էոր եթե Այվազովսկին հայ իրականության մեջ գործերնա պիտի ծխական դպրոցիիսկ լավագույն դեպքումթեմական դպրոցի նկարչության ուսուցիչ լիներոչ ավելԵվ դա այդպես է: …Այստեղ բանն ազգային կոլորիտը չէ բնավԵթե Չեխովին բերեին Ախալքալակ կամ Շուշիանշուշտ նա նույնքան սքանչելի պատկերներ կտարԱյդ ծխականների համայնքն ազգային կուլտուրա ասելովծխական կուլտուրա է հասկանում

Շատ հնարավոր է,որ ամեն ինչ հենց այդպես էլ դասավորվեր և մեր բախտը բերել է,որ արվեստը չի կորցրել Այվազովսկու նման կարկառուն ներկայացուցչի:

Միշտ ասում ենք, որ մեր ազգայինը պահապանելով, պահպանում ենք մեր դեմքը, տարբերվում ենք մյուսներից առանց գիտակցելու, որ վաղ թե ուշ մենք նմանակելու ենք Եվրոպային, մենք արդեն նմանակում ենք, բայց չենք ուզում դա ընդունել: Չընդունելով, որ մենք արդեն իսկ նմանակում ենք մյուսներից, մենք արագ քայլերով ավելի հետ կգնանք, սակայն եթե ընդունենք, որ կարող ենք ու պարտավոր ենք մյուս երկրներից վերցնել որոշ տարրեր ու օգտագործել դրանք, չեմ ասի,թե շատ արագ կզարգանանք, բայց տեղում էլ չենք դոփի: Կարծում եմ, որ եթե մենք վերցնենք ուրիշ ազգություններից կարևոր տարրեր և միացնենք մեր ազգայինին ավելի լավ կլինի, քան եթե ուղղակի նմանակենք դրանք:

Հոգևոր Հայաստան

Այս հոդվածում Վահան Տերյանը խոսում է այնպիսի թեմայի մասին, որը արդիական է նաև մեր օրերում: Իր ներկայացրած Հոգևոր Հայաստանի կառուցումը ծանր ու տևական աշխատություն է պահանջում: Տերյանը նաև ներկայացնում է ազգի միասնական լինելու խնդիրները, ըստ նրա չպետք է ծույլերի հոգեբանությամբ հույսը դնել միայն արտաքին հրաշքների վրա:

Տերյանը ասում էր, որ հայության բերանը հայերեն չի խոսում, հայության շուրթերը հայերեն բառեր չեն կարող արտասանել:

Տերյանը Հոգևոր Հայաստան ասելով հասկանում էր հայության հավաքում կամ հայության կազմակերպում գաղափարական իմաստ։

Այս հոդվածում Տերյանը անդրաառնում է այնպիսի խնդիրների, որոնք կան նաև հիմա՝ լինի դա ուսման, մշակույթի կամ մի շարք այլ բնագավառներում …

Տերյանի նամակները

Ս.Տերյանին
          1918,26 հունվարի,Պետրոգրադ

    Թանկագին մանկիկ  (նամակը գրված է ռուսերեն)

   Երեկ վերադարձա Բրեստից: Հասկանալի է, չնայած այն բանին,որ սարսափելի զբաղված եմ,ամբողջ ժամանակ իմ բոլոր մտքերը ակամա դառնում են քեզ և իմ Լյասկային:Մինչև Պիտեր գալս չէի կարող մի լուր ստանալ ձեր մասին,թեև հեռագրել էի և Բորյանին,և Ֆիլիպին. բանից դուրս է գալիս նրանք պատասխանել են հենց այն ժամանակ ,երբ մեկնել եմ այստեղից:Այստեղ ստացա քո հեռագիրը և անսահմանորեն ուրախ եմ ,որ ամեն ինչ բարեհաջող է:Տա Աստված ,որ հետագայում էլ ամեն ինչ լավ ընթանա:Պինդ կաց ,սիրելիս,շատ եմ խնդրում քեզ,մի վհատվիր ու թևաթափ մի լինի,տա Աստված ամեն բան դեպի լավը գնա:Ինչպիսի անսահման երջանկություն կլինի եթե գամ (առաջին իսկ հնարավորության դեպքում իհարկե կգամ)  և ձեզ տեսնեմ ուրախ և առողջ: Ուրեմն պահպանիր քեզ ու Լյասկային,մանկիկս,և խելոք եղիր:Գրիր ու հեռագրիր որքան կարելի է հաճախ-հասկացիր,որ ինձ համար անտանելի ծանր է ,երբ լուրեր չկան ,այդ երբեք մի մոռացիր:Ես եկել եմ երկու օրով նյութերի համար և վաղը երեկոյան,այսինքն հունվարի 27-ին ,նորից կմեկնեմ Բրեստ: Այսօր ավանսով վերցրի ռոճիկս և Զորյանին վճարեցի վերցված փողը: Մոտս մնում է ևս 100 ռուբլու չափ և էլի պլյուս 50ռ. , որը չէի ստացել անցյալ ամիս…քո անունով 100 ռուբլու ծանուցագիր է եկել:Այդ փողը կուղարկեմ Թիֆլիս և կարծում եմ,որ յոլա կգնաս մինչև հաջորդ ստանալիքը,թեև թող դա քեզ չկաշկանդի և եթը կարիք լինի, հեռագրիր առանց քաշվելու,և ես քեզ կուղարկեմ (ես կկարողանամ ճարել,դա դժվար չէ) : Այնպես որ քեզ մի նեղիր և մտածիր միայն քո և Լյասկայի մասին, գլխավորը՝ քո մասին ,քանի որ դա Լյասկային օգնելու լավագույն միջոցն է: Նաշոն և մերոնք, իհարկե ,քեզ ամեն ինչում կօգնեն:Ուրեմն խելոք եղիր ,մանկիկս:
          Ես կաշխատեմ շուտով գալ: Սարգիսը մինչև հիմա դեռ չի եկել,որի համար շատ ափսոսում եմ:
Մի անհանգստացիր: Առհասարակ իմ մասին մի անհանգստացիր՝ ինչ էլ որ պատահի,և եթե այդտեղ ինչ-ինչ լուրեր տարածվեն,մի հավատա (ես գիտեմ ,որ հիմա ,ասենք ինքդ էլ լավ գիտես,լրագրերն ու մարդիկ սատանան գիտի,թե ինչ անհեթեթ լուրեր են տարածում,այնպես որ մի հավատա և համբերությամբ սպասիր իմ նամակներին),իսկ եթե որևէ պատճառով նամակներս ուշանան ,նույնպես մի անհանգստացիր,նշանակում է կամ հաղորդակցություն չկա,կամ ես հնարավորություն չեմ ունեցել ժամանակին գրելու:Այդպես էլ իմացիր և միանգամայն հանգիստ եղիր,գրիր քո և Լյասկայի մասին:
             Բարևիր մերոնց բոլորին:
     Առողջ եղիր դու և Լյասկան. ձեզ երկուսիդ ,իմ մանկիկներին,համբուրում եմ միլիոն անգամ:

                                                   Քո և Լյասկայի Վահան

Հ. Գ.
Սուսաննան հիվանդ էր…Տերյանը Բրեստ-Լիտովսկ մեկնելուց առաջ, նրան   ուղարկում է Ստավրոպոլ …
Բրեստից վերադառնալուց հետո է իմանում ,որ ճանապարհին մահացել է Լյասկան …………

Իմ Բալիկին 
Կըգան մայիսներ-վարդեր կըփթթեն,
Կըզնգա կրկին համրացած առուն.
Թևերով թեթև թռել է արդեն
Իմ արտույտն անուշ,թռել է հեռուն:
Ձմեռները նոր ձյուներ կըբարդեն,
Ձյուներից կրկին կըբացվի գարուն,
Ծաղիկ-աչքերը կրկին կըթարթեն,
Լոկ դու կըմնաս շիրիմի խավարում…..

Տերյանն այլևս չտեսավ կնոջը…մոլեգնում էր քաղաքացիական պատերազմը…Նա երկար փորձեց կապ հաստատել կնոջ հետ , բայց նրա ջանքերը հաջողությամբ չպսակվեցին …
Ի՞նչ մնաց նրան …

Ի՞ՆՉ ՄՆԱՑ ԻՆՁ

Ի՞նչ մնաց ինձ
Ոսկյա մի ցանց,
Ուրիշ ոչինչ:
Մարգարտաշար հուշերի գանձ – 
Ուրիշ ոչինչ:
Տրտում գիշեր և մենություն անօգնական,
Սիրտ կեղեքող կարոտ անանց – ուրիշ ոչինչ:
Երազներից իմ հրավառ մնաց փոշի,
Սին անուններ կորած կանանց – ուրիշ ոչինչ:
Ջինջ իմ հոգում մնաց մշուշ ծանր ու մթին,
Եվ իմ հոգում քամու կաղկանձ – ուրիշ ոչինչ:
Պարիր, քամի, այգում այս մերկ ոռնա ու լաց,
Տար, մի թողնի, քամի անսանձ – 

Ոչինչ, ոչինչ…

  1921թ Սուսաննան դառնում է Ալեքսանդր Մյասնիկյանի կինը…

Ա Միսկարյանին
                      1911,26 ապրիլի,Մոսկվա

   Սիրելի Անտենկա

Տարօրինակ զգացում  համակեց ինձ ,երբ կարդացի ձեր վերջին նամակը:
  Դա անքուն անցկացրած  գիշերից հետո էր. այստեղ Թիֆլիսից  եկած
հայկական թատերախումբն էր,և ներկայացումներից հետո հասարակությունը դերասաններին ընթրիք էր տալիս: Այդ ընթրիքին ես էլ կայի: Ընթրիքը երկար ձգվեց:
           Մենք մի ընկերոջ հետ դուրս եկանք և ուղղվեցինք մեր տուն: Տուն գալով ,որոշեցինք չքնել և երկար ժամանակ զրուցում էինք: Առավոտյան թեյից հետո,պառկեցինք մի քիչ հանգստանալու:
     Հենց այդ ժամանակ բերին ձեր նամակը: Ես կարդացի ու այլևս չկարողացա քնել: Ինչու,չգիտեմ: Ինձ համար շատ տարօրինակ էր: Արթմնի ես զգում էի ձեր ներկայությունը,շոշափելիորեն զգում ձեզ, լսում էի ձեր ձայնը… ես անասելի լավ էի զգում ինձ…. Չկարծեք,թե քնած էի…..
   Դրանից հետո ես նստեցի գրելու ձեզ . գրեցի մի սարսափելի ցնդաբանություն,որը,սակայն, կարող էի կրկնել և հիմա և չեմ կրկնում միայն նրա համար,որ ձեզ չվիրավորեմ:Թեև ինձ թվում է,դուք չպետք է վիրավորվեիք դրանից:
     Բայց թողնում եմ այդ ամենը: Միայն խնդրում եմ չբարկանաք ինձ վրա և մեկ էլ ոչ ոքի ցույց չտաք նամակներս,ինչպես և ես  ցույց չեմ տա ձեր նամակները ոչ ոքի, բացարձակապես ոչ ոքի: Հուսով եմ, խնդրանքս կկատարեք,գոնե երկրորդը,ինչ վերաբերվում է առաջինին,նույնպես հույսս չեմ կորցնում:
    Մի՞թե իսկապես ամուսնանում եք Մորոզովի հետ: Այո՞: գրեցեք, մի՞թե չեք գա Մոսկվա:Ե՞րբ կգաք:(Ըստ հնարավորին ստույգ):
    Պարապում եմ: Հարցնում եք իմ մուսայի մասին: Նա ձեզ խոնարհ ողջույն է ուղարկում: Աշնան ուզում եմ(ավելի շուտ աշնան կողմ) լույս նծայել բանաստեղծություններիս երկրորդ գիրքը,որը, իհարկե, կուղարկեմ ձեզ( որպեսզի այն չկարդաք ,դե գոնե կնայեք):
          Դե, առայժմ:
                     Համբուրում եմ*  ձեզ պինդ:  

                                                                Վահան Տերյան

    Այս օրերին գլխիցս դուրս չեք գալիս: Ինչ-որ խելահեղություն  է համակել ինձ….
    Լավ  կանեք ,եթե այս նամակը ոչնչացնեք,բայց անպայմանորեն ոչ ոքի ցույց չտաք: Լա՞վ:
     Բարևեցեք Մարթային և ձերոնց:

Անտենկա… (Անթառամ Միսկարյանին):

1908 , 27 դեկտեմբերի

Ես տխուր եմ :Ես միշտ տխուր եմ լինում,երբ գալիս են տոների և համընդհանուր ուրախությունների հանդիսավոր օրերը:Հիմա ես արև եմ ուզում,Անտենկա,ավելի շատ լույս ,երաժշտություն ,գուրգուրանք….
Տխուր եմ ,անսահման տխուր…Բայց ինչո՞ւ եմ գրում Ձեզ այս մասին :Ինչո՞ւ եմ վշտացնում Ձեզ իմ այս տխուր խոսքերով ….

«Ես գրեթե համոզված եմ, որ կսիրեմ Ձեզ այս բառի լավագույն իմաստով, ես հիմա սովորել եմ շատ բարձր գնահատել մարդկային սերը, սերը մարդու նկատմամբ, այլ ոչ թե սեռի, նույնիսկ պատրաստ եմ ավելի բարձր դասել սեռական սիրուց, որը հազվադեպ է գեղեցիկ ու խորունկ լինում:Իսկ ինչ վերաբերվում է Ձեզ,շատ եմ վախենում,որ ինձ տեսնելով ու մոտիկից ճանաչելով ՝հիասթափվեք:Չնայած ինձ թվում է,որ ես ավելի ստոր չեմ ուրիշներից :Ավելի հիմար էլ չեմ նրանցից:Սիրելի Անտենկա ,շուտ եկեք:Իսկ եթե չգաք ,ես ,իհարկե, ինքնասպան չեմ լինի և Մոսկվա գետը չեմ նետվի ,բայց շատ կտխրեմ:
Ամուր-ամուր սեղմում եմ ձեր ձեռքը .ցավեցնելու չափ»:
Հ.Գ.Այս նամակից երեք ամիս անց՝ Տերյանը հանդիպում է Սուսաննային ….Նրանց կապը չընդհատվեց…Տերյանը շատ էր զգում Անթառամի կարիքը…Նրանք շարունակում էին հաղորդակցվել նամակներով…նամակները գնալով դարձան ավելի քնքուշ ու զգացական…



Ավ.Ւսահակյանին
1908 ,23 ապրիլի,Թբիլիսի

Սիրելի Ավետիք

  Այսօր ստացա նամակդ ,որ Մոսկվայից շրջան գործելով հասել էր ինձ վերջապես: Ինձ համար շատ գնահատելի է քո գովասանքը իմ ոտանավորների վերաբերմամբ:Մտադիր էի հրատարակելու մի փոքրիկ գրքույկ ,սակայն կարծեմ չպիտի հաջողվի «ինձնից անկախ պատճառներով»: Թեև մյուս կողմից ես այնքան էլ չեմ շտապում առանձին գրքով լույս ընծայելու այդ տողերը:
   Ես հույս ունեի քեզ այստեղ գտնելու:Այժմ սպասում եմ ,հուսով եմ ,որ կտեսնվենք,թեև կարող է պատահել,որ ես գնամ գյուղ,որովհետև եթե մնայի,պիտի մնայի գրքի հրատարակության համար,իսկ այժմ միտք չունի մնալս,որովհետև առողջությունս բոլորովին քայքայված է և կարևոր է լուրջ բժշկվել և հանգիստ կյանք վարել:Քո Մոսկվա գնալու միտքը հիանալի է,և ես կարծում եմ ,որ այնտեղ կարելի կլինի դասեր գտնել,թեև դու  լավ ապրուստի սովոր լինելով շատ փողի կարիք կունենաս,այնպես որ քեզ երևի հարկավոր կլինի ամիսը առնվազն 75-80 ռուբլի,որ դասերով դժվար է հայթայթել:
Մի խոսքով կգաս այստեղ ,կխոսենք ավելի երկար և ծրագրեր կկազմենք,ինձ թվում է , որ դա կարելի բան է:
        Այստեղ ծանոթացա օրիորդ Քոչարյանին,որը քեզ շատ է սիրում և միշտ քո մասին է խոսում:Քո մասին շատ բաներ եմ լսել,բայց այդ ամենը գրել չարժե-կգաս կզրուցենք:Մեր 
Ս-Դ.-ական  «Գործում» ուզում էի քո մասին գրել՝ փակել են ամենալիրբ  կերպով-տեսնենք. ասում են «Մամուլ» պետք է լույս տեսնի՝ես այնտեղ կգամ,որովհետև քո քննադատներից գոհ չեմ:Խնդրեմ դա չընդունես իբրև ինքնահավանություն,այլ միայն անհամաձայնության մտքով եմ ասում ես այդ:
Տեսնենք:
 Դու հարցնում ես Մագուրի մասին-քեզ եմ նվիրում նրան-վայելիր: Ես արդեն նրա հետ կապերս կտրել եմ:Ասում են այստեղ դու սանինիզմ ես քարոզում…Մի՞թե չգիտես,որ դա միայն Ռուսիայի օրհնված դաշտերում կարող է սնվել և պտուղներ տալ:

 Առայժմ այսքանը:
Կտեսնվենք կխոսենք:
                                                 Քո Վահան

Ավ.Ւսահակյանին
1906,20 մարտի,Մոսկվա

   Սիրելի Ավո ջան

Ստանալով փոքրիկ նամակդ,մինչև այսօր սպասում էի ընդարձակ պատասխանի,բայց ըստ երևույթին   Это только так говорится,մանավանդ պոետները երևի   ,երաշխավոր չեն իրանց խոսքերին:Իհարկե Ավետիքը առավել ևս:Երեկ լսեցի,որ Թիֆլիս էլի քեֆ ես անում և վճռեցինք Պողոսի հետ,որ էլի մի կոնֆլիկտ է պատահել avec Սոֆի կամ Աննետ:
Մի խոսքով:Մեզանում ,Ավո ջան,քննությունները շուտով կսկսվեն,և այս վերջին ժամանակները այնպես են բեռնավորել պարապմունքներով(իհարկե հիմարագույն),որ չգիտես ինչ անես:Հավատացնում եմ ,ոչ ոքի նամակ չեմ գրել…….

      Երեկ նորից կարդում էինք քո բանաստեղծությունները և լավ հայհոյեցինք հրատարակությունը:Իհարկե համոզված  լինելով ,որ դու քո բնավորությամբ անընդունակ ես շնորքով հրատարակել,քո անհուն աղջկասիրությամբ և անփութությամբ դեպի քո երկիրը:Պարոն գերմարդ,այդ 
ի  ՞նչ է պատահել,որ այժմ սկսել ես «հացի երգեր » ասել:
             Լևոնիկին բարևներ:
             Առայժմ այսքանը:
                                                                   Քո Վահան

Ս. Օտարյանին
1905,6
մայիսի,Մոսկվա

Սոնա

   Ստացա Ձեր նամակը:Այս անգամ նա ինձ վրա ,չգիտեմ ինչո՞ւ,մի տարօրինակ տպավորություն գործեց:Ֆլինկի մասին չեմ ուզում երկարացնել,որովհետև նրա գործը իմ աչքում մի ահագին դրամա էր,դրա մասին չխոսենք:Միլլերի վերաբերմամբ դեռ ոչինչ չեն արել մեր ուսուցիչները,և այդ առթիվ օրերս խոսակցություն  չեմ ունեցել նրանց հետ…
Դուք պաշտպանել եք տքնում ակուշերկաներին (ներեցեք,մանկաբարձուհիներին),ասացեք խնդրեմ,ի՞նչ են անում նրանք:
Չեմ հասկամում Ձեր հետևյալ խոսքերը.
-Խեղճ Aя,միայն նա էր ,որ խաչեցի,այս անգամ ավելի լավ օգուտներ ունեցա:Всегда первый блин  комом.(Բարեհաճեք,սիրելի Սուդարինյա,տալ անհրաժեշտ բացատրություններ):
 Հետո ի՞նչ է նշանակում թե՝ «Եթե Կովկաս գնաք,իհարկե կբարևեք իմ նախկին ընկերուհուս,(ձեր հարսին)»,սա նույնպես որոշ բացատրություն է պահանջում:
 Մի խոսքով,ինչ  որ գրում եք պարզ գրեցեք,ոչ այնպես ,որ կարելի լինի զանազան կերպով բացատրել:
 Չգիտեմ ինչու ,Ձեր նամակը մի տեսակ տատանումի մեջ ձգեց ինձ և այս րոպեիս չեմ կարող գրել:
Այսօր տոմսակ եմ ճարել,գնում եմ Շալյապինին լսելու«Ֆաուստի» մեջ,լսում եմ առաջին անգամ,տպավորությունս կգրեմ:Առհասարակ  այսօրվա  նամակիս երաշխավոր չեմ,որովհետև գլուխս ինչ-որ ապուշ դրության է:
  Ձեր նամակին ավելացրել եք թե.-«ով է մեզանից ավելի «հիմարացել»,չգիտեմ դո՞ւք ,թե՞ ես.իմ կարծիքով նկատողություն անողը պիտի աշխատի ինքը նույն սխալը չանե,իսկ դո՞ւք ,պարոն»:   Что это значит? Ես Ձեզ հարց էի տվել կարծեմ,-որ խոմ չե՞ք «հիմարացել.իհարկե «հիմարացել»-ը այն մտքով,ինչ մտքով հասկանում եք Դուք:
Ձեր խոսքերը չեմ հասկանում :Մի խոսքով ,էլի վախս բռնեց Ձեզնից,վախենում եմ,վախենում ,վախենում…Ցը:
                                                                                   Վահան

P.S Եթե Ձեզ դժվարություն չի պատճառե,ուղարկեցեք Անդրանիկի պատկերը,երևի այդտեղ լավը հանած կլինեն:
Շատ շնորհակալ կլինեմ:

Ց.Խանզադյանին
1913,1 օգոստոսի,Ստավրոպոլ

«…Ուղղակի մեռցնում են ,հա՜լ չի մնում վրաս:Բայց ինչ պիտի անես:Ահա թե ինչու կանանց կուրսերը ոչինչ են մեր առաջ-նրանք այս ամենը չեն տալիս պետական քննություններին:Երանի՜ նրանց:Այս րոպեիս սովորում էի այդ սլավոնական լեզուների համեմատական քերականությունը:[Այս պարապմունքներից հետո էլ ի՜նչ զբաղվես գրականությամբ և այլ բաներով:Գլուխդ «շշմում է»,և քեզ զգում ես ոչ թե մարդ ,այլ սեղան,թանաքաման,առհասարակ անօրգանական էակ,որն ընդունակ չէ ոչ մի բանի…ինչքան վաղուց է,որ չեմ զգում]dolce far niente*.(Փափազով,ականջդ կանչի):Եթե ոչինչ չեմ էլ անում ,այն գիտակցությունը,որ պիտի անեմ-կրծում է,մաշում է հոգիս,հանգիստ չի տալիս…Մի սիրուն աղջիկ կար,մի փոքրիկ իշխանուհի(իսկապես իշխանուհի),15-16 տարեկան գիմնազուհի,որը ինձ համբուրում էր և սիրում,և ես նրա «առթիվ»  գրեցի  այա բանաստեղծությունը՝

Այս հին ու նոր գրքերի վրա կորացած,
Չըտեսա ես, չըտեսա, որ գարուն է նոր,
Եվ այս մեռած մարդոց մեջ, սիրտս կուրացած
Չըզգաց, որ բաց են արդեն վարդերը բոլոր …
Ես արևը չտեսա խուցիս մեջ մթին,
Եվ երգերը մայիսյան չըհասան ինձ, չըհասան:
Քո ծիծաղը կարկաչուն հնչեց իմ սրտին,
Եկա՜ր, եկա՜ր որպես երգ պայծառ մայիսյան …
Տես ինչպե՜ս եմ հոգնել ես այս գրքերից հին ու նոր,
Խոսքերից իմաստուն, գիտուններից բյուր 
Ժպտա, անգին, ժըպիտդ խոր գրքերից խոր,
Խընդությունդ ամոքիչ, զրույցըդ աղբյուր …
Քո համբույրը գարնային իմաստուն է ավելի,
Քան գիտունների այս խոժոռ, գրքերն այս մթին:
Քո գգվանքը բյուր անգամ թովիչ է և սիրելի,
Քան և Վոլֆը, և Բոպպը,և Հումբոլդտը միասին …

        Դու գրում ես ,թե«փրանսիական» (Ալեքսանդր Միրիջանովիչ,ականջդ կանչի) ակադեմիան պրեմիա է տվել Ահարոնյանի գրվածների թարգմանության  և հետո հարցնում ես ,կամ,ավելի ճիշտ,տարակուսանքի մեջ ընկնում -«չգիտեմ ե՞ս եմ հիմսր,թե՞»…՛Անտարակույս «փրանցուզները»,եթե միայն դա էլ մի տեսակ ֆրանսիական «հայասիրություն» չէ,կամ եթե մի այլ բան չկա այդտեղ:Պողոսն էլ  գրում է,որ «Բաքվի Ձայնում» փառաբանում են Ահարոնյանին,որը de պարզերես է անում  մեզ ու մեր «գրականությունը» օտարների աչքում:
Ահաև քո «կոլեգան»,որի մոտ ex լինելը դու գրեթե պատիվ էիր համարում :Ես այդ պատիվ համարելուց շատ ու շատ հեռու եմ ,չնայած որ քո կոլեգան ,ինչպես գրում էիր,«կարդացած» է,«գիտուն» և«լավ»:
Աստված հեռու պահե  մեզ «գիտուն» սեմինարներից:Աստված մեզ ու մեր ազգը նրանց ձեռքից ազատե ու փրկե:Սղոթիր դու էլ,աղոթի՛ր,Ցոլակ ,գուցե Աստված լսե մեր աղաչանքը և ազատե մեզ և սեմինարներից և նրանց «գրականությունից» և նրանց «Հոսանքից» ու«Ձայներից»,«Հորիզոններից» և մանավանդ նրանց գիտնականությունից,իսկ ինձ՝ մեղավորիս,նրանց թե լավ,թե վատ ,մանավանդ գովաբանական քննադատությունից (օրինակ ,Տերտերյանի…):Եթե դու կապված չլինեիր նյութապես թերթի հետ,ես առանց տատանվելու քեզ խորհուրդ կտայի հեռանալ…..
 (կրճատ)

                             Ամենայն բարիք.
                                  մեր գրականության սև ասպետ
                                                                   քո Վահան

Տերյանի նամակաը Թումանյանի դստերը՝ Նվարդին՝

Ուշանում է Ձեր նամակի պատասխանը,բայց Դուք չպիտի նեղանաք,սիրելի Նուարդ:Չեմ ուզում պատճառաբանել նամակիս ուշանալը,նախ նրա համար ,որ ավելի լավ է հավատալ բարեկամներին և ոչ մի վատ բան չենթադրել այդպիսի դեպքերում:Երկար կլիներ գրել և հետաքրքրական չէ այդ ամենը, բայց առավել այն պատճառով,որ ամեն պատճառաբանություն կարելի է այս կամ այն կերպ հերքել:Այս դեպքում ես ունեմ հիմնավոր պատճառներ,եթե միայն կարելի է հիմնավոր համարել որևէ պատճառ:Սակայն առհասարակ կուզեի ,որ կանոն լիներ մեր մեջ գրել այն ժամանակ ,երբ«գրվում է»,երբ կա հոգեկան և ֆիզիկական հնարավորություն:Այս ամենն ասում եմ,որ մեր մեջ դատարկ բանի համար թյուրիմացություն չպատահի:Եվ ,իրավ,ինչ արժե այն նամակը,որը գրվում է միայն գրված լինելու համար:
Այս փոքրիկ նախաբանը թող սրտմտություն չպատճառի Ձեզ: Серьезно,да. Լինենք միշտ ազատ և անկեղծ,որքան հնարավոր է:Կարծեմ կան ծաղիկներ ,որոնք փակվում են երբ մոտենում ես,կամ ձեռք ես տալիս նրանց,կարծեմ կան այդպիսի ծաղիկներ:Հոգին ավելի քան այդ ծաղիկները վախենում է կեղծիքից ու բռնությունից:Վերջերս ես այնքան եմ ամփոփվել իմ մտածումներով ու զգացումներով իմ մեջ,որ շատ քչերի հետ ,գրեթե ոչ ոքի հետ,բացի Պաուլոյից,նամակագրություն չունեմ և նամակ գրելուց ետ եմ սովորել:
Իսկ պաշտոնական կամ կիսապաշտոնական նամակագրությունից գրեթե զզվում եմ:Դրա համար էլ կուզեի նամակագրության ժամանակ ինձ միանգամայն ազատ զգալ և անպատասխանատու,ինչպես ինքս իմ առջև:Հակառակ դեպքում ինձ համար կստեղծվեն շատ անախորժ մոմենտներ:Բանն այն է,որն նամակ գրելը ես համարում եմ մի զրույց,իսկ ընկերական և մտերմական զրույցի ժամանակ խոսքեր չես ընտրում և չես աշխատում խոսել տրամաբանորեն ու «խելոք»,այլ զրուցում ես անբռնազբոսիկ,ազատ,առանց վախենալու և քաշվելու:Ահա թե ինչու ես ասում եմ,որ նամակը պետք է միայն այն մարդը կարդա ,ում գրված է նա:Նամակում գրածիս համար ոչ ոք իրավունք չունի ինձ պատասխանատվության կոչելու,ինչպես իմ մտերմին ասած մասնավոր,ինտիմ խոսակցության համար-ինչին էլ վերաբերվի այդ զրույցը:Ահա այսպիսի ինտիմ նամակագրություն եմ սիրում ես:Ուրիշ տեսակ ՝ոչ: Ձեր նամակը ինձ ուրախացրեց և տխրեցրեց:Ուրախացրեց,որովհետ և Դուք էիք գրել այն,տխրեցրեց,որովհետև բուռն ցանկություն զգացի Ձեզ տեսնելու և ջերմ համբուրելու, իսկ Դուք չկայիք և հեռու էիք……

Եվ հիշեցի ես հորդ անձրևի տակ
Սլացող կառքը,որ տանում էր մեզ,
Եվ քո խոսքերի կարկաչունն արագ,
Եվ քո աչքերի փայլը հրակեզ……

Մտաբերեցի և՜ «Եդեմ» այգին,
Եվ համբույրները տարփոտ գգվանքում,
Երբ հրահրում է կուրծքըս քո կրծքին
Մի բոցով այրում հոգիս քո հոգում …..

Եվ հրաժեշտը մեր տխուր ու ցուրտ,
Երբ մենք անկարող գրկել մեկմեկու,
Ձեռք էինք պարզում սառն ու անխորհուրդ,
Որպես առօրյա ծանոթներ երկու…..

Բայց գուցե մնաց և քո հոգու մեջ
Մի տխուր նվագ,լուսեղեն մի հուշ,
Որպես սիրելի պոետից մի էջ,
Որ ժպտում է միշտ գգվանքով անուշ…….


Չկարծեք ,սիրելի Նվարդ,որ ես սովորություն ունեմ իմ նամակները «պոեզ»-ներով զարդարելու:Քավ լիցի:Այս էքսպրոմտը վաղուց «լեզվիս վրա» էր,ինչպես ասում են դուրս թռավ:Այս «պոեզ»-իս ներող աչքերով նայեցեք և խիստ մի դատեք:Գուցե ապագայում նա ավելի շնորհալի հագուստով ու ձևով ներկայանա Ձեզ,թեև նա նույնը կլինի (եթե միայն« համաձայնի» փոխվել): Թող Ձեր անուշ աչքերը սիրով ընդունեն իմ այս տխուր թռչնակին:
Դուք ուզում եք ,որ « այն գրքույկը» ղրկեմ ,բայց ես առայժմ չեմ ղրկում:Գուցե ինձ հաջողվի մի ավելի լավ հիշատակ ղրկել Ձեզ ,երբ այս չոլ երկրից դուրս գամ լույս աշխարհ:Համենայն դեպս ես երբեք չեմ զլանա Ձեզ «մնայուն» հիշատակ նվիրելուց,եթե միայն Ձեր մեջ«մնայուն » լինի այդպիսի հիշատակ ունենալու և մոռացության ցանկություն չզգաք դեպի իմ հիշատակը:Այդպես եմ ասում ,որովհետև իմ սիրտը տխուր է այսօր,թեպետև պայծառ տխրությամբ:Ահա մեր սարերն էլ այսօր մշուշով են պատել իրենց բարձր գլուխները,որովհետև իմ սիրտը տխուր է:Այո,ես այդպես եմ կարծում :Серьезно,да!
Սեղանս զարդարված է այդ կապույտ ու կանաչ սարերի վայրի,քնքույշ ծաղիկներով:Շատ են ,անունները չգիտեմ:Մի առանձին փունջ էլ կա անմոռուկներից:Ահա այդ փնջից ուղարկում եմ մի սիրուն ու լավ աղջկա մի քանի ծաղիկ,որ նա ինձ չմոռանա……Եվ եթե այդ սիրուն ու լավ աղջիկը մեր սարերում լիներ ինձ հետ,գիտեք որքան լավ կլիներ-ես պիտի ասեի նրան.«սիրուն աղջիկ,տեսնում ես-ահա մեր սարերը լա՜յն ու բաց,տեսնում ես որքան ծաղիկ կա այնտեղ-ահա այդպես լայն ու բաց է և իմ սիրտը և այնտեղ ավելի շատ ծաղիկներ կան քեզ համար,քան այս սարերում բարձր, և դաշտերում լայն,որովհետև ես այս սարերի զավակն եմ և այս դաշտերի մանուկը»: Այդպես կասեի ես այն սիրուն աղջկան,եթե նա մեր սարերում լիներ ինձ հետ,այն աղջկան ,որին այսօր ուղարկում եմ մի քանի ծաղիկ մեր սարերից ,մի քանի անմոռուկ,որ նա ինձ չմոռանա……..
Բայց կուզեի,որ այդ աղջիկը ինձ «սենտիմենտալ» տղու տեղ չդներ:
Серьезно,да. Մինչև վստահելի մարդ չգտնեմ ,չեմ կարող նամակը ուղարկել քաղաք՝փոստ:Ինձ ասեցին,որ վաղը մեկը քաղաք է գնում,բայց ես վախենում եմ ,ուստի շատ կուզենայի իմանալ ,արդյոք հասավ սույն ուղերձը նաև նրա համար ,որ ուզում եմ Ձեզանից մի լուր իմանալ: Ի դեպ,որտեղ եք լինելու ամառը:
Ձեր Վ.Տ.

«Ես մի քանի տրիոլետ եմ գրել Ձեզ համար,իմ սիրելի ,իմ լավ Նվարդ,բայց ուղղելու կարիք կա,ուստի չղրկեցի:Ուզում էի,որ «տրիոլետների մանյակ»լինի դա,բայց ամեն անգամ երբ նստում էի Ձեզ գրելու,միտս էին ընկնում այդ կիսատ մնացած տրիոլետներս և գրելու տրամադրությունս փախչում էր……
Ահա, սիրելի Նվարդ,իմ տրիոլետներից երեքը:Պետք է լինի յոթը,բայց մնացյալները դեռ շատ են անմշակ:Գլուխս սաստիկ խառն է զանազան գործերով ու կողմնակի մտածումներով, ուստի.պոեզ»-ներով զբաղվելու ժամանակ չի լինում բոլորովին….
Առայժմ վերջացնում եմ նամակս,որ ուշարկեմ,իսկ եթե հետաձգեմ նոր բաեր ավելացնելու՝ կմնա և գուցե ետ մտածեմ՝ուզենալով նորը գրել և այսպես ձգձգվի:
Ամենաջերմ համբույրներով
Ձեր Վահան»