Posted in Գրականություն

Փարվանա

«Փարվանա» բալլադը Թումանյանը գրել է 1902 թ.: Ժողովրդական այս լեգենդի մասին հեղինակը առաջին անգամ լսել է Ներսիսյան դպրոցում սովորելու տարիներին, իր դասընկեր Գրիգոր Վանցյանից: Հետագայում այցելել է Ախալքալաք, Փարվանա լիճ, տեղի ժողովրդից Փարվանայի մասին լսել ավանդություններ ու զրույցներ:
Սիրո, գեղեցկության, իդեալի հավերժության որոնումը «Փարվանա» բալլադում ստանում է բարձրագույն արտահայտություն: Իր ստեղծագործությանը բնորոշ եղանակով Թումանյանը բալլադն սկսում է գեղեցիկ բնապատկերով: Փարվանա արքայի անառիկ ամրոցի էպիկական հանդարտ նկարագիրը լրացվում է արքայի դստեր քնարական գեղեցիկ պատկերով: Բալլադի սկիզբն ստեղծում է երջանկության սպասման տրամադրություն, որ գործողությունների հետագա զարգացման ընթացքում աստիճանաբար մարում է և տեղի տալիս տխուր պատկերի:

«Փարվանա արքան մի աղջիկ ուներ», չնաշխարհիկ, աննման գեղեցկությամբ մի աղջիկ։ Նրա ցանկությամբ արքան հրավիրում է Կովկասի բոլոր կտրիճներին՝ մրցությամբ իրենց ուժն ու շնորքը փորձելու աղջկա ներկայությամբ, որպեսզի տեսնի, թե նրանցից ով կարող է արժանի լինել իր աղջկա սիրուն։ Մրցության եկած կտրիճներն աղջկան առաջարկում են «գանձ, ոսկի, արծաթ, անգին քարեր ու գոհարներ»: Բայց աղջիկը նման ոչ մի պայման չի ընդունում։ Իր ապագա ամուսնուց նա պահանջում է գտնել ու բերել սիրո անշեջ հուրը և այդ պայմանը կատարելու համար կտրիճները թռչում են աշխարհի չորս կողմը՝ փնտրելու և բերելու այն։ Աղջիկը սպասում է կարոտով, բայց ոչ մի կտրիճ չի կարողանում բերել երջանիկ սիրո անշեջ հուրը։ Այսպես երկար սպասելով՝ աղջկա հույսը մարում է, նա սկսում է լաց լինել, և նրա արտասուքից գոյանում է մի լիճ, որը ծածկում է քաղաքն ու ամրոցը։ Դա հայտնի Փարվանա լիճն է Վրաստանի Ջավախեթիի շրջանում։ Իսկ անշեջ հուրը փնտրող կտրիճները վերածվում են թիթեռների և մինչ օրս հուր և կրակ տեսնելով նետվում են նրա մեջ, որպեսզի տանեն Փարվանա գեղեցկուհու մոտ, բայց անմիջապես ոչնչանում են։

Բառարան

  • սեգ – հպարտ
  • Դըրանիկներ-պալատականներ
  • նաժիշտներ- կին պալատական աղախիններ
  • լայնալանջ-թիկնեղ
  • պայազատ- ազնվականական աստիճան
  • մայիլ մընա-զարմացած մնա
  • տըմարդի-անմարդկային
  • Խըռնըվում -հավաքվել

Բալլադ

Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։ Միջին դարերերում եվրոպական երկրներում (Իտալիա, Ֆրանսիա) բալլադ կոչվում էին երգի ու պարի ուղեկցությամբ կատարվող քնարական բանաստեղծությունները, որոնք հատուկ տաղաչափական կառուցվածք ունեին։ Բալլադը մեծամասամբ բաղկացած էր 28 տողից և ուներ կառուցվածքի կայուն ձև` երեք ութտողանի տներ և վերջում մեկ քառյակ, որոնց մեջ գործ են ածվում միևնույն հանգերը և կրկնվում է միևնույն եզրափակիչ տողը։