Publié dans Նախագծեր, Երկարաժամկետ նախագծեր, Էկոլոգիա

Երկրաշարժ

երկրաշարժ

Երկրաշարժ է կոչվում ստորգետնյա այն ցնցում, որ տեղի է ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։

Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։ Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն էր, Ճապոնիայում՝ ձուկը, Հնդկաստանում՝ խլուրդը և այլն։ Ճապոնական առասպելի համաձայն, ճապոնական կղզիները տեղակայված են մեծ լոքո ձկան մեջքին, և ձկան շարժումներից Երկիրը ցնցվում է։ Հյուսիսային Ամերիկայի հնդկացիներն ասում էին, որ Երկիրն իր վրա կրում է հսկայական կրիան և ամեն անգամ ցնցվում է, երբ կրիան անցնում է մեկ ոտքից մյուսի վրա։ Երկրաշարժերը հաճախ դիտվել են որպես զայրացած Աստծո պատիժ՝ ի պատասխան մարդկանց մեղքերի։ Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը։ Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։ Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն, սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած։ Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմավտանգ եղանակ» հասկացությունը։

Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.

  • Բնական երկրաշարժեր
  • Տեխնածին երկրաշարժեր

Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանավորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կորստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։

Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։

Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի տարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը։

Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի.

  • Կանխատեսելի երկրաշարժեր
  • Անկանխատեսելի երկրաշարժեր

Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։

Հայաստանում գրանցվել է երկրաշարժ` 6-7 բալ ուժգնությամբ - ՓԱՍՏԻՆՖՈ |  Իրավական լուրեր, իրադարձություններ, վերլուծություններ, տեսանյութեր

Երկրաշարժի կանխատեսումը հենվում է հայտնի այն երևույթների վրա‚ որոնք տարիներ շարունակ գրանցվել և նկատվել են մարդկանց կողմից՝ երևույթին նախորդած ժամանակահատվածում։

Դրանք այն հայտնի նախանշաններն են‚ որոնցով բնությունը կարծես հուշում է վերահաս աղետի մասին։

Երկրաշարժերի նախապատրաստման փուլում ընդերքում տեղի ունեցող գործընթացները խախտում են որոշ բնական երևույթների սովորական ընթացքը՝ փոխելով դրանց քանակական և որակական բնութագիրը։ Նման շեղումները, կամ ինչպես երկրաբաններն են ասում՝ անոմալիաները‚ կարող են վերահաս երկրաշարժի նախանշաններ լինել։ Սակայն հարկավոր է նշել‚ որ ո՛չ բոլոր անոմալիաները կարող են նախանշան ծառայել‚ ուստի շատ կարևոր է հայտնաբերել այն անոմալիաները‚ որոնք ստույգ վկայում են մոտալուտ աղետի մասին։

Որքան շատ և բազմազան են հայտնաբերված նախանշանները‚ այնքան հաջող է կանխատեսման հավանականությունը։ Գիտության և տեխնիկայի ժամանակակից զարգացումը‚ ինչպես նաև մարդկանց ու կենդանիների բնական վարքը հնարավոր դարձրեցին ի հայտ բերել բազմաթիվ բնութագրեր‚ որոնք կարող են նպաստել երկրաշարժերի կանխատեսմանը։ Ուժեղ երկրաշարժերի բնական նախանշանները բաժանվում են երկու հիմնական խմբի`

• մակերևութային նախանշաններ
• մարդկանց և կենդանիների վարք


Մակերևութային նախանշաններ


– Ուժեղ երկրաշարժերից առաջ նկատվում է սեյսմիկ ակտիվացում‚ բազմաթիվ թույլ ցնցումները‚ նրանց ուժը և տեղը կարող են վկայել վերահաս երկրաշարժի մասին։

– Երկրի մակերեսի վրա՝ տիեզերքից կատարված երկրաչափումների և երկրաբանական ուսումնասիրությունների միջոցով կարելի է փաստել քարոլորտային սալերի տեղաշարժեր‚ լայնամասշտաբ ձևախախտումներ‚ երկրակեղևի առանձին մասերի բարձրացում կամ իջեցում‚ որոնք երկրաշարժերի կարևոր նախանշաններն են։

– Կուտակվող լարումների ազդեցություններից ապարներում առաջացած ճեղքվածքների հետևանքով ստորգետնյա ջրերի մակարդակը և քիմիական կազմը երկրաշարժից առաջ հաճախ փոփոխվում են՝ իջնում կամ բարձրանում։ Այդ փոփոխությունները նկատվում են նույնիսկ էպիկենտրոնից մեծ հեռավորությունների վրա։

– Երկրագունդն‚ ինչպես հայտնի է‚ ունի իր մագնիսական դաշտը‚ որի բնութագիրը երկրաշարժից առաջ կարող է փոխվել՝ լեռնային ապարների լարումների ձևախախտումների հետևանքով։ Այսպիսի փոփոխություններ նկատվել են բազմաթիվ երկրներում‚ մասնավորապես Չինաստանում‚ Հայաստանում։

– Տարբեր լեռնային ապարներ օժտված են տարբեր էլեկտրական դիմադրողականությամբ։ Դիտվել է‚ որ երկրաշարժից առաջ լարումների ազդեցության պատճառով փոխվում է նաև ապարների էլեկտրական դիմադրությունը։

– Ընդերքից մշտապես անջատվում է ռադոն ռադիոակտիվ գազը‚ որի մի մասը խառնվում է մթնոլորտին‚ իսկ որոշ քանակությամբ էլ այն տարրալուծվում է ստորգետնյա ջրերում։

Երկրաշարժից առաջ այդ գազի պարունակությունը ջրերում փոխվում է‚ առաջացնելով ռադիացիոն դաշտի փոփոխություն։

Այդպես է եղել օրինակ` 1966 թ. Տաշքենդի երկրաշարժի ժամանակ‚ երբ ռադոն գազի պարունակությունն անընդհատ աճում էր նախորդ տասը տարվա ընթացքում‚ իսկ երկրաշարժից առաջ այն կտրուկ նվազեց։

Մարդկանց և կենդանիների անսովոր վարքը

Երկրաշարժին նախորդող ժամանակաշրջանում կայացած էլեկտրամագնիսական դաշտերի‚ ռադիացիոն ֆոնի, ուլտրաձայների և այլ երևույթների փոփոխություններն ազդում են մարդկանց (հատկապես կանանց և երեխաների) նյարդային համակարգի վրա‚ որոնք արտահայտվում են գլխապտույտով‚ գլխացավով‚ սրտխառնոցով‚ արյան ճնշման փոփոխությամբ և այլն։

Երկրաշարժի առաջացում

18–րդ դարի սկզբին անգլիացի գիտնական Ջոն Միտչելը եկավ այն եզրակացության, որ Երկրի ցնցումները երկրաշարժի ժամանակ տեղի են ունենում առաձգական ալիքների շարժման արդյունքում։

Ներկայումս առավել ընդունված տեսակետներից մեկի համաձայն երկրաշարժերը տեղի են ունենում այն դեպքում, երբ երկրակեղևի լեռնային ապարների որոշակի զանգվածում առաձգական լարումներն ու դեֆորմացիաները գերազանցում են այդ ապարների կարծրությանը։

Երկրաշարժը հաջորդում է լեռնային ապարների փոխադարձ սահքին։ Սկզբում դա արգելակվում է շփման ուժի միջոցով, որի հետևանքով, կուտակվում են բնահողերի առաձգական լարումներ։ Երբ լարումը հասնում է շփման ուժից մեծ կրիտիկական արժեքի, տեղի է ունենում բնահողերի կտրուկ խզվածք՝ նրանց տեղաշարժով։ Կուտակված էներգիան ազատվում է, առաջացնելով երկրի մակերևույթի ալիքային տատանումներ՝ երկրաշարժ։

Երկրաշարժից առաջացած սեյսմիկ ալիքները տարածվում են ձայնային ալիքների նման։ Հեռավորությունից կախված, ալիքների ուժգնությունը նվազում է։
Ալիքների առաջացման կետին ասում են երկրաշարժի օջախ կամ հիպոկենտրոն, իսկ երկրի մակերևույթի նրա վերևի կետին՝ էպիկենտրոն։
Սեյսմիկ ալիքների տարածման արագությունը կարող է հասնել մինչև 8 կմ/վրկ։

Երկրաշարժի մագնիտուդ

Երկրաշարժի մագնիտուդը երկրաշարժի ժամանակ սեյսմիկ ալիքների տեսքով անջատվող էներգիան բնութագրող մեծությունն է։
Մագնիտուդի սանդղակը 1935 թ. առաջարկել է ամերիկացի գիտնական Չարլզ Ռիխտերը և հաճախ ասում են նաև՝ Ռիխտերի սանդղակ։
Պարունակում է 1-ից մինչև 9 պայմանական միավոր՝ մագնիտուդ, որոնք հաշվվում են սեյսմոգրաֆի արձանագրած տատանումներով։
Այս սանդղակը հաճախ շփոթում են երկրաշարժի ինտենսիվության 12 բալանի համակարգի հետ, որը հիմնված է ստորերկրյա ցնցումների արտաքին դրսևորումների՝ մարդկանց, առարկաների, կառույցների, բնության օբյեկտների վրա ունեցած ազդեցությունների վրա։ Երկրաշարժը պատահելուց հետո սկզբից հայտնի է դառնում սեյսմագրերով որոշվող մագնիտուդը, այլ ոչ թե ինտենսիվությունը, որը պարզ է դառնում որոշ ժամանակ հետո՝ հետևանքների մասին տեղեկությունները հավաքելուց հետո միայն։

Առավել ավերիչ երկրաշարժեր

Սան Ֆրանցիսկո քաղաքի ավերակները 1906 թ. երկրաշարժից հետո։
Սան Ֆրանցիսկո քաղաքի ավերակները 1906 թ. երկրաշարժից հետո։

Ավերիչ երկրաշարժերից են

  • 1556 հունվարի 23 – Գանսյու և Շանսի, Չինաստան – Չինական երկրաշարժ 800 000 մարդ է զոհվել։
  • 1692 – Ճամայկա – Պորտ-Ռոյալը լիովին ավերվել է։
  • 1737 – Կալկաթա, Հնդկաստան – 300 000 մարդ է զոհվել։
  • 1755 – Լիսաբոն – 60 000-ից մինչև 100 000 մարդ է զոհվել, քաղաքը լիովին ավերվել է։
  • 1783 – Կոլաբրիա, Իտալիա – 30 000-ից մինչև 60 000 մարդ է զոհվել։
  • 1811 – Նյու Մադրիդ, Միսսուրի, ԱՄՆ – քաղաքը լիովին ավերվել է, 500 կմ² տարածքում ջրհեղեղ։
  • 1896 – Սանրիկու, Ճապոնիա – էպիկենտրոնը ծովում էր։ Հսկայական ալիքը 27 000 մարդ և 10 600 շինություն է ավերել։
  • 1897 – Ասսամ, Հնդկաստան – 23 000 մ² տարածքը անճանաչելիորեն փոխվել է, հավանաբար մարդկային պատմության ընթացքում ամենախոշոր երկրաշարժն է։
  • 1906 – Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ 1 500 մարդ է զոհվել, քաղաքի 10 կմ² տարածք է ավերվել։
  • 1908 – Սիցիլիա, Իտալիա 83 000 մարդ է զոհվել, Մեսսինա քաղաքը լիովին ավերվել է։
  • 1911 հունվարի 4 (դեկտենբերի 22 1910 ըստ հին տոմարի) – Վերնիյ (մինչև 1921 – Ալմա Աթայի անվանումը), Ղազախստան, Ռուսական կայսրություն. 9-10 բալ ուժգնությամբ, համարյա ողջ քաղաքը ավերվել է, մնացել են եզակի կառույցներ։
  • 1920 – Գանսյու, Չինաստան 20 000 մարդ է զոհվել։
  • 1923 – Կանտոյի մեծ երկրաշարժ – Տոկիո և Յոկոգամա, Ճապոնիա (8,3 ըստ Ռիխտերի) – 143 000 մարդ է զոհվել։, ծագած հրդեհի պատճառով մոտ 1 000 000 մարդ մնացել է առանց տանիքի։
  • 1939 – Ներքին Տավրոս, Թուրքիա 32 000 մարդ է զոհվել։
  • 1948 – Աշխաբադ, Թուրքմենիա, Աշխաբադի երկրաշարժ, – 110 000 մարդ է զոհվել։
  • 1949 – Էկվադոր 10 000 մարդ է զոհվել։
  • 1950 – Հիմալայներ սարերում 20 000 կմ² տարածք է ավերվել։
  • 1960 – Ագադիր, Մարոկո 12 000 – 15 000 մարդ է զոհվել։
  • 1960 – Չիլի, Չիլիի մեծ երկրաշարժ, մոտ 10 000 մարդ է զոհվել, ավերվել են Կոնսեպսեն, Վալդիվիա, Պուերտո-Մոն քաղաքները։
  • 1963 – Սկոպյե, Հարավսլավիա մոտ 2 000 մարդ է զոհվել, քաղաքի մեծ մասը ավերվել է։
  • 1964 – Անքորեջ, Ալյասկա, ԱՄՆ քաղաքի մեծ մասը ավերվել է, մեծ սահանքներ, 300 կմ երկաթգիծ է քանդվել։
  • 1966 ապրիլի 26 – Տաշքենդ, Ուզբեկիստան, Տաշքենդի երկրաշարժ – (5.3 ըստ Ռիխտերի սանդղակի) քաղաքը խիստ տուժել է, 8 մարդ է զոհվել։
  • 1970 – Պերու 63 000 մարդ է զոհվել։, 600 000 մարդ մնացել է առանց տանիքի։
  • 1976 – Գվատեմալա ավելի քան 20 000 մարդ է զոհվել, մոտ 1 000 000 մարդ մնացել է առանց տանիքի։
  • 1976 հուլիսի 28 – Տյանշան, հյուսիսարևելյան Չինաստան, Տյանշանի երկրաշարժ (8,2 ըստ Ռիխտերի սանդղակի) – ավելի քան 655 000 մարդ է զոհվել։
  • 1981 – Սիցիլիա ավերածություններ բազմաթիվ բնակավայրերում, սկսել է գործել Էթնա հրաբուխը։
  • 1985 – Մեխիկո, Մեքսիկա (8,2 ըստ Ռիխտերի սանդղակի) – ավելի քան 7 500 մարդ է զոհվել։
  • 1988 դեկտեմբերի 7 – Սպիտակի երկրաշարժ (9 բալ)։ Հայաստան, ավերվել են Սպիտակ, Գյումրի քաղաքները և բազմաթիվ գյուղեր, 25000 մարդ է զոհվել, նույնքան ստացել են խեղումներ։
  • 1995 մայիսի 28 – Նեֆտեգորսկ, Հյուսիս-արևելյան Սախալին (7.5 բալ) 1841  մարդ է զոհվել։
  • Սիչուանի երկրաշարժ (2008) – երկրաշարժ կենտրոնական Չինաստանում, զոհվել է մոտ 70000 մարդ։
  • 2010 հունվարի 12 – Հայիթիի երկրաշարժ (2010), Պորտ-օ-Պրենս, (7.0 բալ)։ 2010 թ. փետրվարի 1-ի դրությամբ, մարդկային զոհերի ստույգ քանակը դեռ հայտնի չէր։
  • 2011 մարտի 11 – Ճապոնիայի երկրաշարժ (2011),Հոնսյու կղզում (9.1 բալ) ավելի քան 15,854 մարդ է զոհվել։

Երկրաշարժից պաշտպանվելու կանոններ

Երկրաշարժավտանգ երկրներում բազմաթիվ զոհերի պատճառը տարրական վարքականոնների չիմացությունն է։ Ահա տարբեր երկրների և Հայաստանի փորձի հիման վրա մշակված վարքականոնները.

  • Բնակարաններում չկատարել շենքի սեյսմակայունությունը նվազեցնող ապօրինի ձևափոխություններ,
  • Շենքերի մուտքերը, աստիճանահարթակները, միջանցքներն ու պահեստային ելքերն ազատել մեծածավալ առարկաներից,
  • Կահույքն ամրացնել պատերին, ծանր իրերը, դյուրավառ և թունավոր նյութերով լի անոթները տեղադրել ապահով տեղերում, մահճակալները տեղադրել պատուհաններից և հայելիներից հեռու, նրանց վերևում չկախել ծանր առարկաներ,
  • Նախապես որոշել տան կամ աշխատատեղի ամենաանվտանգ տեղերը (շենքի միջին մասի հիմնական պատերը, հիմնական պատերի անկյունները, դրանց վրա դռան բացվածքները, հենասյուները և այլն), որտեղ կարելի է պատսպարվել մինչ ցնցումների ավարտը,
  • Վաղօրոք որոշել շենքից դուրս գալու առավել կարճ և անվտանգ ուղին։

Չինաստանում և մի շարք այլ երկրներում, որտեղ ուժեղ երկրաշարժեր են լինում, կան դասընթացներ, որոնց նպատակն է բնակչությանը տալ տարրական գիտելիքներ երկրաշարժերի մասին, ինչպես մեզ մոտ դա արվում է քաղաքացիական պաշպանությունից: Հայ ժողովուրդը, որի դառը ճակատագրի անկապտելի մաս են կազմել երկրաշարժերը և որին գուցե այդ գիտելիքները շատ ավելին են պետք քան չինացիներին, այսօր զուրկ է այդ գիտելիքներից: Բայց անհերքելի է, որ երկրաշարժից պաշտպանվելու խնդիրը, հատկապես Սպիտակի երկրաշարժից հետո, հայ ժողովրդի գոյապահպանման համազգային ծրագրի բաղկացուցիչ մասը պետք է կազմի, ինչպես լեզվի կամ ազգային մշակույթի պահպանման խնդիրը: Այդ պատճառով էլ երկրաշարժերի և նրանցից պաշպանվելու մասին գիտելիքների տարածումը ժողովրդական լայն զանգվածների մեջ առաջնահերթ խնդիր պետք է դառնա զանգվածային ինֆորմացիայի միջոցների և «գիտելիք» ընկերության համար: Այդ նպատակն են հետապնդում նաև մեր այս զրույցները, որոնք չնայած նախատեսված են քիչ թե շատ պատրաստված ընթերցողի համար, բայց մտածելու առիթ կարող են տալ շատերին:

Votre commentaire

Entrez vos coordonnées ci-dessous ou cliquez sur une icône pour vous connecter:

Logo WordPress.com

Vous commentez à l’aide de votre compte WordPress.com. Déconnexion /  Changer )

Photo Google

Vous commentez à l’aide de votre compte Google. Déconnexion /  Changer )

Image Twitter

Vous commentez à l’aide de votre compte Twitter. Déconnexion /  Changer )

Photo Facebook

Vous commentez à l’aide de votre compte Facebook. Déconnexion /  Changer )

Connexion à %s